Класс!

Արենի 1 Քարայր


Արենի 1 քարայրի արտաքին տեսքը

ՀՀ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղը պատմական Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառի հին և նշանավոր բնակավայրերից է: Այն տեղադրված է Արփա գետի աջ ափին, նրա ձորահովտի վերջնակետում, որից հետո գետը մտնում նեղ կիրճ՝ մինչև Շարուրի դաշտ դուրս գալը: Այսինքն բնակավայրը հանդիսացել է ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռամզական կետ: Դրա համար էլ գյուղի շրջակա բարձունքների վրա (Ամաղուի Ձորում) հնում եղել են բերդ և ամրոց, որի ավերակները այժմ գյուղի գերեզմանոցն է: 13-րդ դ. Օրբելյան Տարսայիճ իշխանն այստեղ կառուցել է ապարանք և Արենին դարձրել <<նստոց>> բերդ, Եղեգիսից այստեղ փոխադրելով Սյունիքի իշխանանիստ կենտրոնը: Նրա հրամանով Նորավանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը (1265-1287թթ.) Արենիի մոտ՝ գետի վրա կառուցել է եռակամար, լայնաթռիչք կամուրջ, որի միայն հիմքային մասերն են մնացել: Հին գյուղի ավերակների հարավային մասում է գտնվում Արենիի ս. Աստվածածին վեհաշուք եկեղեցին, որ կառուցվել է 1321թ., սրբատաշ քարով, սյունյաց Հովհաննս եպիսկոպոսի պատվերով, հռչակավոր Մոմիկ ճարտարապետի ձեռքով: Եկեղեցու հարավային մուտքի բարավորի վրա կա Ասվածամոր և մանկան քանդակը: Գյուղի տարածքը և շրջակայքը հարուստ են բազմաթիվ  հնագիտական հուշարձաններով՝ քարայր-կացարաններով, ամրոցներով, միջնադարյանն գյուղատեղիների մնացորդներով, առանձին խաչքարերով, գերեզմանոցներով, մատուռ-սրբատեղիներով և այլն: Վերջիններիս մեջ իր նշանակությամբ առանձնանում է Արենի-1 քարայրը: Հուշարձանը գտնվում է գյուղից արևմուտք, Արփա գետի ձախ ափին, դեպի Նորավանք տանող ճանապարհի աջ կողմի ժայռային գոյացությունների բարձրադիր մասում: Կարստային տիպի եռադահլիճ քարայր է, որն առաջացել է Արփայի հովտում տարածվող կավճի հասակի կրաքարային ժայռանման գոյացություններում: 

2007-2008թթ. ընթացքում այստեղ իրականացված պեղման աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ բացահայտել պղնձի և քարի դարի ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի մնացորդներ: Դրանց մեջ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում քարայրի առաջին դահլիճի ներսում պահպանված, արտադրա-տնտեսական նշանակություն ունեցող և միմյանց հարող կավակերտ կառուցվածքներից բաղկացած համալիրը: Այս համալիրն ընդգրկում է տարատեսակ և պահեստավորման համար նախատեսված այլ ենթակառուցվածքներ: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում գինու հնձանը, որին հարող տեղամասերից գտնվել են խաղողի արքադների, կորիզների մնացորդներ: Ընդհանուր առմամբ, քարայրի մշակութային շերտերից հայտնաբերված տարատեսակ խեցանոթներն ու դրանց բեկորները, մետաղե, քարե սահմանափակ առարկաներն ու գործվածքների, բույսերի սերմերի և օրգանական ծագում ունեցող այլ մնացորդների վերլուծությունը թույլ է տալիս դրանք թվագրել  Ք.ա. 5-րդ հազարամյակի վերջին քառորդով և 4-րդ հազարամյակի առաջին կեսով:








Քարայրը ներսից





Գինու գետնափոր կարասներ




Այստեղ առկա են նաև դեռահաաս կանանց ծիսական թաղումներ, որոնք, հավանաբար արտացոլում են պտաբերության ծեսի հետ կապված հնամենի  պատկերացումները: Հաշվի առնելով այն, որ այս շրջանը (Արփա գետի հովիտը) ունի դարերի խորքից եկող ավանդական գինեգործություն, կարելի է ենթադրել, որ ի դեմս Արենի-1 քարայրի մենք գործ ունենք հայոց գինեգործական մշակույթի ակունքների հետ, որը փաստվում է իր ացելի քան 6000-ամյա պատմությամբ



Created By