Класс!

Գլխավոր


Հայաստանի հարավ-արևելյան մարզ Վայոց Ձորում, ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա աճում է խաղողի աշխարհի հնագույն սորտերից մեկը՝ Արենին: Եվ երբ հովիտներում խաղողը ճաքճքում է շաքարից, երկինք մխրճված հարյուրամյա այգիների բերքը սկսում է նոր-նոր հասունանալ: 

Եվ ահա Արարատյան դաշտը, ուր բորբ արևով ու Մասիսներով լեցուն հինավուրց խաղողը կրկին առագաստ մտավ, կվերածնի հեքիաթային կոնյակն ու գինին ու կասի. <<Ըմպի՛ր ինձ, քանզի ես եմ նախնիներիդ հողի արյունը, գրկի՛ր ինձ ափերովդ, հաղորդվելու համար դրախտային այն երկրին, որ կոչվում է Հայաստան>>:

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Խոսելով գինու երկրի և Հայաստանում գինեգործության պատմության մասին, պետք է նշել, որ ըստ լեգենդի գինեգործությունը սկիզբ է առնում Արարատ լեռան լանջին Նոյ նահապետի կողմից տնկված խաղողից (Աստվածաշունչ, Ծննդոց 8:3, 4; Ծննդոց 9:20, 21):

Գինին պարգև էր Նոյի և նրա ուղեկիցների համար այն բոլոր տառապանքների դիմաց, որոնք նրանք հաղթահարեցին մեծ ջրհեղեղի ժամանակ: Ըստ գիտականորեն ապացուցված տվյալների՝ Հայաստանում գինեգործությունը 6 հազար տարվա պատմություն ունի: Հնագետները խաղողի կորիզներ են գտել Հայաստանում, որոնք ենթարկելով մի շարք բարդ ուսումնասիրությունների, հաստատեցին այն ենթադրությունը, որ Արարատյան հարթավայրում գինեգործությունը բազմադարյա պատմություն ունի: Գինու մնացորդներով, խաղողի կորիզներով տարաները, գինեգործության սարքերը  գտնվել են Արենի գյուղի մոտ քարանձավներում: Այդ հետազոտությունները հին աշխարհում գինեգործության պատմության մասին կատարվել են հայ, ամերիկացի և իռլանդացի ազգերից կազմված խմբի կողմից: Հայերը առաջինն են եղել, ովքեր զբաղվել են գինու արտահանմամբ:


Հայաստանը մի երկիր է, ուր իրականի ու առասպելի սահմանն անտեսանելի է: Երկիր, որի գոյությունն առասպել է, իսկ պատմությունն իրական: Հայերը հինավուրց ժողովուրդ են  հինավուրց երկրում: Նրանց հայրենիքը աստվածաշնչյան Արարատ լեռան շուրջ տարածվող բարձրավանդակն է՝ այն լեռան որի վրա ըստ ավանդության համաշխարհային ջրհեղեղից հետո հանգրվանել է Նոյան տապանը (Ծննդոց 8:4): Այդ լեռնաշխարհում է ավելի քան 3000 տարի հայկական պետությունը պայքարել իր գոյության համար և վերջերս՝ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1991 թվականի սեպտեմբերին, վերականգնել է իր անկախությունը: Հայաստանի 2793-ամյա մայրաքաղաք Երևանը հիմնադրել է մ.թ.ա. 782թ. Արգիշտի Ա թագավորը և կոչել Էրեբունի՝ <<Էրի/արի ցեղերի բնակավայր>>:

Էրեբունի քաղաք-ամրոցի պեղումների ընթացքում գտնվել են 10 գինու պահեստարաններ, որտեղեղել են 200 գինու կարասներ:

Հնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով, որոնց յուրօրինակ ավանդույթները պահպանվել են մինչ այսօր: Այս մասին կարելի է նույնիսկ տեղեկանալ այնպիսի փիլիսոփաներից, ինչպիսիք են Հերոդոտը և Ստրաբոնը: Մ.թ.ա. 401-400թթ., երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Նաիրի երկրով (Հայաստանի հնագույն անվանումներից է), հայկական տներում նրանց հյուրասիրում էին գինով և գարեջրով, այդ գինիները պահվում էին խորը գետնափոր պահեստարաններում, հատուկ կավե կարասների մեջ:

19-20 դարերում ակադեմիկոս Պետրովսկու կատարած պեղումները հաստատեցին այն փաստը,  որ դեռ Ք.ա. 9-րդ դարում ծնունդ առած այս երկիրը գտնվելով Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում զարգացած գինեգործական պետություն էր:  Այդ է վկայում հնագետների կողմից Կարմիր Բլուրի (Թեյշեբայնի) ամրոցում հայտնաբերած ավելի քան 2500 տարվա պատմություն ունեցող 480 կարասներով գինու պահեստարանը, որտեղ կարող էր պահվել մոտ 37 հազ. դեկալիտր գինի: 

Դեռ հայերի նախնիները, որոնք աշխարհի հնագույն պետություններից մեկի՝ Ուրարտուի բնակիչներն են, զբաղվել են խաղողագործությամբ: Տարեգրություններում պահպանվել են վկայություններ այն մասին, որ աշխարհի հնագույն այս պետությունում հատուկ ուշադրություն էր հատկացված խաղողագործությանը և պտղաբուծությանը: Մեզ հասած պատմական տեղեկություններում հիշատակվում է գինու և գարեջրի պատրաստման տարբեր տեխնոլոգիական հնարքների մասին: Գինու արտադրության ավանդույթները զգուշորեն պահպանվում են երկար տարիների ընթացքում: Անհնար է հերքել այն փաստը, որ այսօր էլ շատ գյուղացիներ, ինչպես 3 հազարամյակներ առաջ, վերամշակում են խաղող և գինի են ստանում հատուկ շինություններում՝ հնձաններում: Եվ այս մի բուռ լեռնազանգվածը, որ հայտնի է իր աշխատասեր ու քարից հաց քամող ժողովրդով, ծիրանի բույրով ու դուդուկի մեղմ ձայնով, նռան կարմիրով և արևով ողողված լեռներով կոչվում է Հայաստա՛ն:

 

ՎԱՅՈՑ ՁՈՐ

Վայոց Ձորի ամեն մի անկյուն գրավում է այցելուներին իր գեղեցկությամբ ու հմայքով, որը միայն հրաշք անվանելով անհնար է բնութագրել: Այս տարածքները անտարբեր չեն կարող թողնել ոչ մի բնասեր զբոսաշրջիկի՝ տարվա ցանկացած եղանակի: Այստեղ է գտնվել նաև Հայաստանի միջնադարյան առաջին համալսարանը՝ <<Գլաձորի համալսարանը>>, որը դարձել է գիտության ու լուսավորության 13-14րդ դարերում մեծ հռչակ վայելող ժողովրդական համահայկական կենտրոն:


Պատմական Վայոց Ձորը եղել է Հայսաստանի հոգևոր-մշակութային կարևոր կենտրոններից մեկը: Դրա մասին են վկայում 1000-ից ավել հոյակերտ պատմական հուշարձանները, որոնք ցրված են մարզի ամբողջ տարածքով: Դրանց թվին են պատկանում բազում բերդեր ու ամրոցներ, եկեղեցիներ ու վանական համալիրներ, մահարձաններ ու խաչքարեր, քարավանատներ ու կամուրջներ, ձիթհանքեր ու ջրաղացներ… Մարզի այս փոքրիկ տարածքում են գտնվում նաև գետնից բխող ավելի քան 150 հանքային տաք ու սառը աղբյուրներ, որոնց մոգական ուժ ու զորություն է վերագրվում: Դրանցից առավել հայտնի է <<Ջերմուկ>> հանքային ջուրը, որը ոչ միայն Վայոց Ձորի այլև ողջ Հայաստանի ջրերի <<թագուհին>> Է: Ջերմուկի կազդուրիչ հանքային ջրերը դեռ շատ հնուց օգտագործվել են ինչպես հասարակ ժողովրդի, այնպես էլ Սյունաց Իշխանների կողմից` ամենատարբեր հիվանդությունների բուժման նպատակով:

Վայոց Ձորի մարզը հիշարժան է նաև իր եկեղեցիների ու վանական համալիրների բազմազանությամբ: Այստեղ են գտնվում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող Նորավանքը, Գնդեվանքը, Խաչիկի Քարկոփ վանքը, Շատիվանքը, Զորաց Վանքը, Ցախացքարը, Արատեսը, Հերհերի Սբ. Սիոն մենաստանը, Արենիի Սբ. Աստվածածինը, Մարտիրոսի վիմափոր եկեղեցին և այլն:


 

 


     ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆ


Ամեն տարի Արենի գյուղում տեղի է ունենում արդեն ավանդույթ դարձած <<Գինու Փառատոն>>-ը, որտեղ բացի մարզի բնակիչներից ներկա են լինում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Արենի գինու Փառատոնը մեծ հնարավորություն է ընձեռում հայտնաբերելու Հայաստանը: Նա, ով նույնիսկ մեկ անգամ Հայաստանում այցելել է Արենի գինու Փառատոնին, երբևէ չի մոռանա ստացված պայծառ տպավորությունները: Արենի գինու Փառատոնին դուք կկարողանաք համտեսել լավագույն հայկական գինիների տեսականին, որոնք շատ բարձր են գնահատվում Եվրոպական սպառողների կողմից:

Արենի գինու այս տոնախմբությունը բացվում է լավագույն գինեգործների պայծառ ու գույնզգույն, տպավորիչ շքերթով՝ զուգակցված երգ ու պարի համադրությամբ:

         Փառատոնի ծրագիրն ընդգրկում է՝

•    Բացման հանդիսավոր արարողություն

•    Գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ

•    Հասարակական և պրոֆեսիոնալ համտես

•    Ավանդական կերակրատեսակների ցուցահանդես-վաճառք, պատրաստված հայկական լավագույն ռեստորանների կողմից

•    Գործնական հանդիպումներ

•    Ազգային երաժշտություն, պար, խաղեր, թատերական բեմադրություններ

•    Արվեստի ծրագիր՝ արվեստի սիրողական խմբերի մասնակցություն 

•    Մրցույթներ՝ 

-    <<Հայաստանը ձեր աչքերով>> լավագույն գինու պիտակի մրցույթ 

-    <<Ոսկե տակառիկ>> լավագույն գինու մրցույթ լավագույն գինի արտադրողների միջև

-    Գինու համտեսի մրցանակաբաշխություն տնական գինի պատրաստողների միջև

-    <<Տոնի ամենալավ հուշանվերը>> 


Հայկական Գինու Փառատոն

 Հետևեք մեզ Facebook սոցիալական ցանում


           


Created By